Սարկոզին, որ 2008-ի օգոստոսին ռուս-վրացական բլից-կրիգի ժամանակ ստանձնել էր արևմտյան «փահլևանի» դերը, օրերս նույնքան հաջող ՆԱՏՕ-ի համար այդ դերն իրականացրեց` իրերը ճշգրիտ և վերջնականապես իրենց անունով կոչելով. ՆԱՏՕ-ի «պրիցելն» այսուհետ և մեկընդմիշտ ուղղված է դեպ Իրան:
«ԱՅՆ, ԻՆՉ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԻՆՁՆԻՑ ԼՍԵԼ, ՉԵ՛Ք ԼՍԻ»
Թե չէ` «գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն», ՆԱՏՕ-ի նոր դոկտրի՜ն, ռասմուսենյան «թարմ ստա՜րտ», Ռուսաստանի հետ թշնամության վերջացո՜ւմ:
Եվ միայն իրանյան արգումենտացիան կարող էր բավարար լինել, որ Սերժ Սարգսյանը չմասնակցեր լիսաբոնյան գագաթնաժողովին: Ընդ որում, ժեստերն էլ կարող էին փոխադարձ լինել. Ահմադինեժադին լրագրողները Բաքվում անվերջ ստիպեցին ասել` «20 տոկոս օկուպացված տարածքներ», Ահմադինեժադն էլ շատ հատու և կտրուկ, թե` «այն, ինչ դուք ցանկանում եք ինձնից լսել, չե՛ք լսի»:
Բայց ամեն բան հերթով:
Ոնց տեսնում եք, Իրանի հարցում միջազգային հանրությունն առավել միակամ է դրսևորվում, քան Իրաքի հարցում. ԱՄՆ-ն Իրաքի վրա հարձակվեց առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվության: Եվ գրեթե առանց եվրոպական (անգլոսաքսերին հանած) աջակցության: Իսկ Իրաքի վրա հարձակվեց ոչ թե, որ այնտեղ միջուկային զենք կար, այլ որ շա՜տ-շա՜տ նավթ կար: Հարձակվեց, նավթը «կաչատ» արեց, արդեն դուրս է գալիս: Նույնը բարով-խերով, բայց առավել երկար «արեց» ու ավարտում է Աֆղանստանում:
Հիմա` «դուզ» դեպ Իրան: Գնալու ժամն է: Մանավանդ որ այնտեղ, որոշ գնահատումներով, համ նավթն է շատ, համ էլ արդեն միջուկային զենք կա:
Ընդ որում, ավելորդ է ևս մեկ անգամ հիշել, որ Բուշ-կրտսերի առաքելությունն Իրաքն էր: Օբամա Բարաքինը Իրանը կլինի: Հետո արդեն հերթը կհասնի Չինաստանին: Որովհետև այդ ընթացքում Միացյալ Նահանգներն այս-այն` «բեռնաթափման կամ տրոհման» ճանապարհով հնարավորինս կլանած կլինի Ռուսաստանը: Առայժմ Ռուսաստանը «իրավահավասարազոր» խաղացող է: Համենայն դեպս, այդպես է ցանկանում, ջղային դեմքով հրահանգում Դմիտրի Մեդվեդևը:
ՌԴ նախագահը պատրաստվում է 2012 թ. ընտրություններին, և ՆԱՏՕ-ի հետ պարտիան երկուստեք շահավետ է ոչ միայն աշխարհի ու Եվրոպայի, այլև սեփական անվտանգության տեսանկյունից: ՈՒստի և բնականաբար, Դմիտրի Անատոլևիչը պետք է նաև ցույց տար, որ էս կողմերում` Հարավային Կովկասում, 2008-ի բլիցկրիգից հետո ևս ինքը «տղա է, տղա»: ՈՒ ոչ միայն ղարաբաղյան, այլև մնացած «կետերում». հասկանալի է, չէ՞, որ վրացական և ուկրաինական, ՆԱՏՕ-ին անդամակցելու և մնացած կարգի «քսիֆները» նույնպես Ռուսաստանի հետ բազարի համար էին նետված:
Բոլոր դեպքերում, Մեդվեդևը նաև ասում էր, որ եթե ինքը ցանկանա ղարաբաղյան «լինիայում» ինչ-որ բան փոխվի, դա հասատատ չի լինի Լիսաբոնում, այլ կլինի հենց Աստանայում: Կլինի՞, թե՞ ոչ, քիչ հետո, այժմ այն մասին, որ`
«ՍԵՐԺԸ ՔՅԱՑԱԼ ՉԻ»
Մինչ Ղարաբաղին անցնելը ևս մեկ հայացք նետենք ԱՄՆ-Ռուսաստան նախաՆԱՏՕական կոնֆիգուրացիային, որն էլ պատճառ հանդիսացավ հայաստանյան կողմի նման որոշման:
Թե՛ Ռուսաստանը, թե՛ ՆԱՏՕ-ն ստախանովյան տեմպերով պատրաստվում էին այդ գագաթնաժողովին: Իրենց հասկանալի «լեքսիկոնով»: «ՊՐՕ»-ների հարցով արդեն տասն ամիս բանակցող և համաձայնության չհասնող Ռուսաստանն ու ԱՄՆ-ը «տոնավաճառի» էին հանել, ինչ ունեին, ինչ կարող էին, որ միմյանցից անգամ շան մազ պոկեն:
Ռուսաստանը շատ լավ էր հասկանում, որ Իրանի դիմաց ինքը շատ մեծ գին պետք է ուզի: ՈՒ չէր տրվում Իրանի նկատմամբ ՆԱՏՕ-ական դոկտրինին ամբողջությամբ. գիտենք, չէ՞` Ռուսաստանը վերջին մի քանի տարում քանի հազար անգամ Իրանը ծախեց ԱՄՆ-ի վրա ու հետ վերցրեց:
ԱՄՆ-ն էլ պակասը չէր. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրյակին է՛լ Բուտին «ընդունեց» Թաիլանդից, է՛լ ռուսաստանյան ուրան գտավ Վրաստանում, է՛լ խոսեց Վրաստանի և մնացածների տարածքային ամբողջականության մասին, է՛լ Սաակաշվիլու ու իր սիրո մասին (Ռոգոզինն էլ ի պատասխան ասաց` այդ «ֆիզիանոմիան» ինձ համար անընդունելի է, եթե պատահաբար հանդիպեցի նրան, Աստված վկա, ես մեղավոր չեմ):
Բոլոր դեպքերում. համարժե՞ք էին Ռուսաստանի պատասխանները, կուլտուրական ասած` «բազաները», ՆԱՏՕ-ական նախապատրաստություններին: Ո՛չ այնքան: Ռոգոզինի հաթաթան քաղկատեգորիա չէ, մանավանդ որ Ռոգոզինն ընդհանրապես կովկասյան «լիցո»-ների նկատմամբ մեծ «նեպրիյազն» ունի դեռ վաղուց. հիշենք տարիներ առաջ ձմերուկի և «պլստալու» մասին նրա նախընտրական տեսահոլովակը, որ իբր Մոսկվան կեղտոտում են հենց կովկասցիները, ու նրանց պետք է ուղարկել` հայդա իրենց երկրները:
Ակնհայտ էր նաև, որ Ռուսաստանը փորձել էր Լիսաբոնի երկու գագաթնաժողովներին հակադրել իր «երկուսը»: Պուտինի գլխավորությամբ: ԱՊՀ երկրների կառավարությունների խորհրդի (բա՜րձր է հնչում` ՆԱՏՕ-ի համեմատ) և ԵվրԱզԷս-ի նիստերը:
Ի դեպ, ոնց երևում էր, Մեդվեդևի` կասպյան ավազանի երկրների նախագահների հանդիպման առիթով Բաքու կատարած այցը, ըստ ամենայնի, նույնպես չէր պսակվել հաջողությամբ, Ադրբեջանն իր ողջ գազը հերթական անգամ «չէր տվել» Ռուսաստանին, չէր ռազմավարացվել Ռուսաստանից, «Նաբուկոյի» համար էլ էր մի քիչ պահել: Բա հո Բժեզինսկին (էս ազգանունը երևի «բժժացնել» բառից է ստեղծվել) ու Մորնինգսթարը հենց այնպե՞ս չէին վերջերս մի գլուխ Ադրբեջանից խոսում ու նրա էներգակիրները հիշում:
Եվ վերջապես, Ռուսաստանի կողմից Հայաստանը Լիսաբոնից հետ քաշելու որոշումը (այս մասին` ներքևում):
Բոլոր դեպքերում, որքան էլ մեծ են «ֆանֆարները», որոնք շեփորում են` պատմական էր այդ գագաթնաժողովը երկու գերտերությունների համար, այդքան էլ այդպես չէ, որովհետև Ռուսաստանը կասկածներ ունի ալյանսի և այնտեղ կայացած պայմանավորվածությունների առնչությամբ` հազար ու մի պատճառով, ինչն էլ առանց թաքցնելու խոստովանում է: Ըստ որի` ՆԱՏՕ-ն իր ռեսուրսները կօգտագործի, սակայն իրեն որպես հավասարազոր-«նապարնիկ» չի դիտի, Ռուսաստանը տրանզիտ կդարձնի դեպ Աֆղանստան, այնտեղից էլ Սիրիա, «ՊՐՕ»-ները (եթե դրանք կյանքի կոչվեն) տրամպլին կդառնան Իրանի վրա հարձակման, իսկ իրականում ԱՄՆ-ն այդ «ՊՐՕ»-ների հեռանկարը կօգտագործի Իրանը ներսից պայթեցնելու համար, բանը «ՊՐՕ»-ների «շինարարությանը» չհասցնելով, Ռուսաստանին «նի ս չեմ» թողնելով։
«ՃԻՇՏ Ա ԸԼԱԼ»
Ասենք առանց ծեքծեքելու: Ճիշտ որոշում էր: Որ Սերժ Սարգսյանը չմեկնեց Լիսաբոն: Այն «Ռուսաստանո՞ւմ» էր կայացվել: «Նու ի շտո՞»:
Բոլոր դեպքերում դիտարկենք որոշումը:
Իհարկե, առաջին հայացքից կարող էինք ասել, որ միջազգային գործընթացներից մի քիչ հետ ընկանք այդ չայցելությամբ: Չէ, լուրջ: Մանավանդ որ գործակցությունն այդ ուղղությամբ ռուսական ռազմաբազաների` մեր «գետնին» վրա 49 տարի «թողնելուց» հետո, կարող էր փոքր-ինչ «սառել»: Բայց դե այն, ինչ տեղի էր ունենում Լիսաբոնում, խոշոր հաշվով, մեր խաղը չէր (Լիսաբոնում, անկախ մեզնից, մի բանը լավ էր, որ Թուրքիան անվերջ ցցվում էր Իրանի ու Սիրիայի արանքում, դառնալով այդքանով միջազգայինի համար վտանգավոր): Սա` մեկ:
Ապա և` որպես չմեկնման պատճառ վկայակոչվեց 2006-ի ՆԱՏՕ-ի հռչակագիրը, որը գրեթե որևէ փոփոխության չէր ենթարկվել այս գագաթնաժողովում ևս:
ՈՒ թե ելնենք նրանից, որ Ռուսաստանն ինչ-ինչ մասնակցություն ունեցել է մեր չմասնակցության որոշմանը, ապա այդ դեմարշն առավել բխում էր մեր շահերից, քան Ռուսաստանի, մանավանդ որ առջևում Աստանան էր. դիվանագիտությունը հնարավորի ու ճկունության արվեստ է: Այնպես չէ՞:
Այս առումով նույնպես Սերժ Սարգսյանը ճիշտ էր վարվել:
Ի դեպ, որոշման Ռուսաստանում կայացված լինելու մասով պետք է նաև ասել հետևյալը. եկեք չմոռանանք, որ այդ նույն Ռուսաստանը բավականին անհանգստացած է այն հանգամանքով, որ Հայաստանը դեռ չի վավերացրել ռազմաբազաների պայմանագիրը: Կոնստանտին Զատուլինը նույնիսկ այդ առիթով Հայաստան էր ուղարկվել Նիկոլայ Ռիժկովի հետ, նրանք էլ հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ, հարցրել էին` «Ա Պոլշա՞, Սերժ Ազատովիչ»:
Իսկ դրանից հետո, չգիտես ինչու, սկսեց խոսվել Զատուլինի պաշտոնաթողության մասին` միսիան լավ չկատարելու համար:
Չնայած սեպտեմբերին մեզ հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ պայմանագիրը մինչև վավերացում ճանապարհ ունի անցնելու` տարբեր կառույցներում տեխնիկական խնդիրների առումով և մինչև դեկտեմբեր-հունվար կվավերացվի: Իսկ այ մեր ռուս շատ ռազմավարական գործընկերներ չեն համբերում: Վախենում են, որ կմտնենք ՆԱՏՕ՞: Սերժ Սարգսյանն էլ իր վերջին ու ճշգրիտ դեմարշով ասաց, որ` «հլը չէ»:
Իսկ եթե լուրջ, ապա այդ դեմարշի արդյունքում անգամ Անդերս Ռասմուսենը հարկ համարեց ասել, որ ՆԱՏՕ-ն չի կարող դեր խաղալ Ղարաբաղի հարցում (ինչն էլ, փաստորեն, նշանակում է` իր իսկ ձեռքով «ջրել» էր իրենց իսկ ընդունած հռչակագիրը), որի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ-ն, որն էլ ընդունել է երեք կետից բաղկացած հայտնի հայտարարությունը:
Եվ ապա, ՆԱՏՕ-ի մամլո խոսնակ Ապատուրայնն էլ իր հերթին ջանք չէր խնայել ապացուցելու, որ ՆԱՏՕ-Հայաստան գործերը շատ լավ են, որ իրենք հարգում են Հայաստանի արտաքին անկախ քաղաքականությունը, գումարած, որ հայոց բանակի ռեֆորմները ՆԱՏՕ-ական են, համ էլ մերոնք խաղաղարար առաքելության մասնակից են նույն Աֆղանստանում ու Իրաքում:
Ահա այդպիսի և այլ համագործակցություններ:
Հաջորդիվ Սերժ Սարգսյանի քայլի «ճշգրտությունն» արձանագրեցին անգամ նրա լուրջ օպոնենտները` այն միանշանակորեն դրական գնահատելով (Ալեքսան Արզումանյանը, համենայն դեպս, բավականին լուրջ գիտակ է ղարաբաղյան խնդրի, մի պստլո էլ գումարենք Ստեփան Սաֆարյանին):
Եվ վերջապես, Սերժ Սարգսյանը լիսաբոնյան իր վետոյով կանխեց ոչ միայն ժամանակին Քոչարյանի` ստամբուլյան խարտիայի տակ դրված ստորագրությունը, այլև կանխեց Աստանայում խնդրո առնչությամբ սպասվելիք որևէ շարժ:
Կարծում եք` քի՞չ է: Իհարկե, քիչ չէ՛:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ